Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս փաստաթուղթը կփոխարինի Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել էր 2001 թվականին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները սկսվել էին դեռ 2022 թվականին, իսկ անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ Ինչպես ավելի վաղ նշել էին Կրեմլից՝ փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելը: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ համաձայնագիրը ներառում է գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը, տեխնոլոգիաները և այլն:
Վլադիմիր Պուտինը ռուս-իրանական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկու երկրի հարաբերությունները համակողմանի են և փոխշահավետ:
«Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված միջպետական համաձայնագիրը սահմանում է հավակնոտ նպատակներ և նախանշում է երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության խորացման ուղենիշները։ Եվ այս իսկապես բեկումնային փաստաթուղթն ուղղված է Ռուսաստանի և Իրանի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ նշել է, որ Պուտինի հետ քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
«Մենք անդրադարձել ենք Հարավային Կովկասում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում համագործակցության հարցերի»,- ասել է Իրանի նախագահը։
Պուտինը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանումը բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերից:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։