ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ երկրների գյուղատնտեսության նախարարներ և 10 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության զարգացման և վերականգնվող ու կայուն կենսազանգվածի բնագավառների մասին։
«Գյուղատնտեսությունը միշտ եղել է Հայաստանի տնտեսության և մշակույթի հիմնաքարը։ Այսօր գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9%-ը: Այնուամենայնիվ, ինչպես շատ երկրներ, Հայաստանը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, կենսաբազմազանության պահպանումը և պարենային անվտանգության գլոբալ խնդիրները:
Հայաստանում կենսատնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման կենսական ուղի։ Մեր ջանքերը կենտրոնացած են ավանդական գյուղատնտեսական պրակտիկան ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինտեգրելու վրա՝ ստեղծելու հավելյալ արժեքով արտադրանք և խթանելու կայուն կենսապահովումը: Ես հավատում եմ, որ 2025 թվականին Հայաստանի կառավարությունը կհաստատի կանաչ տնտեսության և կանաչ տաքսոնոմիայի շրջանակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն իր գործընկերներին հայտնել է, որ Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել Կենսաբազմազանության COP17-ը. «Մենք անհամբեր սպասում ենք ձեզ ողջունելու Հայաստանում՝ շարունակելու այս կարևոր քննարկումները և խորացնելու մեր գործընկերությունը»,- ասել է նա։
Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում։