Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքին, որը ենթադրում է հրադադար Գազայի հատվածում և գերիների ու պահվող անձանց ազատ արձակում:
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 24, դեմ՝ 8 նախարար:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալով՝ կառավարության նիստը տևել է ավելի քան յոթ ժամ։ Ավելի վաղ գործարքին հավանություն էր տվել ռազմաքաղաքական կաբինետը: Դեմ էին արտահայտվել միայն ազգային անվտանգության և ֆինանսների նախարարները:
Ըստ Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Համասի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ առաջին փուլում շարժումը պետք է վերադարձնի 33 պատանդի, իսկ իսրայելական բանտերից պետք է ազատ արձակվի ավելի քան 1500 պաղեստինցի։
Ակնկալվում է, որ Գազայի հատվածում պահվող գերիների ազատ արձակման գործընթացը կմեկնարկի հունվարի 19-ին։
Պաղեստինում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքն ուժի մեջ մտնելուց հետո ՄԱԿ գործակալությունները և ԱՀԿ-ն մտադիր են օրական 500-ից 600 մարդասիրական բեռնատար ուղարկել Գազա:
Չնայած հրադադարի մասին հայտարարություններին՝ տեղեկություններ կան, որ Գազայի հատվածում պայթյուններ են լսվել, հաղորդվում է զոհերի մասին: