ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ՝ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:
Կարևոր է իմանալ, որ հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային նույնականացումն (mID կամ eID) անհրաժեշտ է ունենալ, որպեսզի կարողանաք մուտք գործել հայտարարագրման համակարգ, իսկ էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է հայտարարագրում փոփոխություններ անելու և այն հաստատելու համար։
Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ հնարավոր է մուտք գործել «Ես եմ» hարթակի միջոցով, որտեղ անձի նույնականացումն իրականացվում է երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։
Եթե հայտարարագիրը ներկայացնելու եք համակարգի վեբ տարբերակով, ապա ձեր ընտրությամբ համակարգ կարող եք մուտք գործել կա՛մ բջջային նույնականացմամբ, կա՛մ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Իսկ բջջային հավելվածով հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ համակարգ կարող եք մուտք գործել միայն բջջային նույնականացման միջոցով։
Բջջային հեռախոսի միջոցով նույնականացում ձեռք բերելու համար պետք է իրականացնեք հետևյալ քայլերը․
-
ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
-
Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
-
Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
-
Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականացում ձեռք բերելու համար պետք է իրականացնեք հետևյալ քայլերը․
-
ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
-
Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
-
Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Եվ հիշեք, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Իրազեկման թերթիկը՝ այստեղ։