Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է, և հարաբերություններն է՛լ ավելի արագ տեմպերով կզարգանան:
«Ցավոք, Վրաստանի երկու տարածաշրջանները շարունակում են օկուպացված լինել Ռուսաստանի կողմից, ինչը զգալիորեն մեծացնում է մեր անվտանգության մարտահրավերները։ Ավելին, լայն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները լրացուցիչ անվտանգության ռիսկեր են պարունակում։ Այնուամենայնիվ, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն առանձնանում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքով, ինչը կազմում է մեր գործընկերության հիմքը»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը։
Բոճորիշվիլին նաև ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եռակողմ ձևաչափով առավել սերտ համագործակցության կարևորությունը:
Այսօր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն է ժամանել Ադրբեջան: Այցի շրջանակում Բաքվում տեղի կունենա Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: