Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Արդյունքների առաջխաղացման ուղին. հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» միջոցառումը, որը կազմակերպվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման խորհրդարանական աջակցության ծրագիրը՝ որպես «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության համակատարող և պատասխանատու, իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում Նորվեգիայի, Շվեդիայի կառավարությունների ու ՀՀ Ազգային ժողովի կողմից:
««Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի իրականացումը նպաստել է Ազգային ժողովի կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև խորհրդարանական ներգրավվածության եւ, մասնավորապես, փախստականի կարգավիճակ ունեցողների կյանքի բարելավմանն ու ինտեգրմանն ուղղված մի շարք օրենսդրական և գործառնական նախաձեռնություններում: Կարևորում եմ ծրագրի շրջանակում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ներգրավվածությունն ազդակիր համայնքների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին: Այս ներգրավվածությունը թույլ է տալիս մշակելու քաղաքականություն, որը ոչ միայն արձագանքող է, այլ նաև անաչառ և նպաստում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց արժանապատիվ ինտեգրմանն ընդունող համայնքներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Ելույթի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին, Նորվեգիայի, Շվեդիայի կառավարություններին, Հայաստանի կառավարությանը և բոլոր ներգրավված գործընկերներին, նաև մարզերի, համայնքների ներկայացուցիչներին՝ Ազգային ժողովի բարելավման գործընթացներին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:
Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը ողջույնի խոսքում վստահեցրել է, որ իրենք հանձնառու են Հայաստանին աջակցելու, դիմակայունությունն ու կայունությունն ամրապնդելու առումով՝ մասնավորապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց Հայաստանը վերջին շրջանում բախվել է փախստականների հարցում:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին էլ փաստել է, որ 2025-2026 թվականների ընթացքում ՄԱԶԾ-ն կշարունակի աջակցություն տրամադրել Կառավարությանը՝ տնտեսական հնարավորություններ ստեղծելով վերջինիս համար և ապահովելով փախստականների լիարժեք ինտեգրումը նոր համայնքներում:
Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարևորագույն փոփոխությունների մասին իր ելույթում խոսել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Անդրադառնալով 2024 թվականի սկզբին մեկնարկած «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի կարևորությանը՝ Դավիթ Առաքելյանը փաստել է, որ այն լրջագույն արդյունքային և ինստիտուցիոնալ ցուցանիշներ արձանագրած «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» հնգամյա ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ:
«2024 թվականին մեկնարկած ծրագիրը կարևոր էր ոչ միայն համագործակցության շարունակության, այլև դոնորների ներգրավման տեսանկյունից. ծրագրի համաֆինանսավորողներ էին Նորվեգիայի և Շվեդիայի կառավարությունները: Ազգային ժողովի պատմության մեջ առաջին անգամ համաֆինանսավորող հանդես եկավ նաև Ազգային ժողովի աշխատակազմը՝ ազդարարելով ինստիտուցիոնալ բարեփոխումների իր հաստատակամությունը և հանձնառությունը: Անցած տարի դեկտեմբերի վերջին ծրագրին միացավ նաև Կանադայի կառավարությունը, ինչը կարևոր ցուցիչ է ծրագրի հաջողված լինելու առումով»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում Նորվեգիայի կառավարության օժանդակությամբ իրականացված ծրագրերի մասով Դավիթ Առաքելյանն անդրադարձել է մի քանի կարևոր ձեռքբերումների: Դրանցից են՝ Ազգային ժողովի ռազմավարական տեսլականի մշակումը. 2024 թվականից Ազգային ժողովի և Ազգային ժողովի աշխատակազմի բազմամյա գործողությունների պլանի մշակման ուղղությամբ աշխատանքների մեկնարկ, 32 օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ 360 աստիճան վերլուծություն, համապարփակ հետազոտության հիման Ազգային ժողովի և Ազգային ժողովի աշխատակազմի երկարաժամկետ ռազմավարական տեսլականի մշակում, որն այս տարի նախատեսվում է ամբողջացնել ու ընդունել՝ որպես ներքին փաստաթուղթ: Դավիթ Առաքելյանի խոսքով իրականացվել են բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ. Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմի ներկայացուցիչները հմտացել են արտաքին ազդեցությունների և խոսույթների, ապատեղեկատվության և ատելության խոսքի ռիսկերին արձագանքելու հարցում: Ընթացիկ մշակման մեջ են կանանց և սոցիալական ընդգրկվածության ծրագրերը՝ նպատակ ունենալով ներդնելու կանանց և փախստականների կարիքներին միտված գենդերային ծրագրեր: Ներդրվել են նորարար գործիքներ. փորձարկվում են e-Parliament և e-Voting համակարգերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի հետ համատեղ իրականացվում է «Տվյալների վիզուալացում Power BI» գործիքակազմի ուսուցում Ազգային ժողովի աշխատակազմի համար:
Իրականացված մի շարք կրթական ծրագրերի մասով ևս Դավիթ Առաքելյանը տվյալներ է ներկայացրել: Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի 2022 և 2023 թվականների շրջանավարտների հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդական խորհրդարան» նախաձեռնությունը, 35 երիտասարդ ներգրավված են եղել օրենսդրական գործընթացների սիմուլյացիաներում, ներկայացրել իրենց օրենսդրական նախաձեռնությունները 2024 թվականի «Ամառային դպրոցի» շրջանավարտներին: Առավել շատ ձայներ ստացած նախաձեռնությունները ներկայացվել են Ազգային ժողովի համապատասխան գլխադասային հանձնաժողովի նիստի քննարկմանը: Արդյունքում՝ որոշվել է ներգրավել նաև լիազոր պետական մարմիններին՝ լրամշակելու երիտասարդների նախաձեռնությունը և նախաձեռնելու օրինագծի հետագա քննարկումը:
Նշվել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպվել է 47 փախստական երեխաների ճանաչողական այց Ազգային ժողով: ՄԱԶԾ գործընկերները նաև իրականացրել են երեխաների կարիքների բացահայտման գործընթաց՝ ապահովելով կրթական վերապատրաստման ծրագրեր:
«Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվել են կարևոր գործառնական բարեփոխումներ, որոնք նպաստում են հանրային մասնակցությանը, թափանցիկությանը և ներառականությանը: Այս փոփոխությունները հիմք են դնում երկարաժամկետ զարգացումների համար»,- փաստել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Ելույթի ավարտին Դավիթ Առաքելյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ-ի և ծրագրին աջակցող դոնոր պետությունների հետ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման շրջանակում համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ:
Կառավարության ոլորտային պատասխանատուները ևս ներկայացրել են փախստականների ու խոցելի խմբերի համար արդարադատության մատչելիության բարելավման, համայնքների դիմակայունության ամրապնդման և փախստականների հասցեների համակարգերի թվայնացման, փախստականների ու հյուրընկալող համայնքների կարիքներին արդյունավետ արձագանքելու հարցում իրականացվող քայլերը: