ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում են` Պարենի և գյուղատնտեսության միջազգային 17-րդ համաժողովին և գյուղատնտեսության նախարարների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Այցի շրջանակում նախարարը Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Գերմանիայի երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և ներդրումային գրավչությունը։ Քննարկվել են Գերմանիայի երկրամասերում Հայաստանի տնտեսությունը խթանող միջոցառումների անցկացման հնարավորությունները։