Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հինգշաբթի ժամանել է Կիև, որտեղ ակնկալվում է, որ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ մահաբեր զենքից մինչև տնտեսական կայունություն:
«Մասնավորապես, Սթարմերը կհայտարարի «տնտեսական վերականգնման նոր ծրագրի» համար նախատեսված 40 միլիոն ֆունտ ստերլինգի մասին», ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի դրանից՝ Սթարմերը և Զելենսկին Կիևում համաձայնագիր կստորագրեն «հարյուրամյակի» համագործակցության մասին։ Համաձայն հաղորդագրության՝ համաձայնագիրը «կընդլայնի և կխորացնի երկու երկրի ռազմական ու ոչ ռազմական հարաբերությունները և ավելի սերտ հասարակական կապեր ունենալու հնարավորություն կտա»։ Մասնավորապես, համաձայնագիրը «կուժեղացնի ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության ոլորտում՝ Բալթիկ, Սև և Ազովի ծովերի պաշտպանությանն ուղղված նոր կառույցի միջոցով»։
«Համաձայնագիրը կամրապնդի նաև Միացյալ Թագավորության դիրքերը՝ որպես Ուկրաինայի էներգետիկ հատվածի առաջնահերթ գործընկերոջ, ինչպես նաև հանքարդյունաբերության և կանաչ պողպատի արտադրության ոլորտներում»,- նշել են բրիտանական իշխանությունները։