Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանական AZAL ավիաընկերության վթարին և դրա հետ կապված՝ Ադրբեջանի արտգործնախարարին ուղղված՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կեղծ նամակին:
«Այս ողբերգության առնչությամբ մենք ակտիվ կապեր ենք հաստատել բոլոր մակարդակներում։ Այս փուլում իրականացվում է տեղի ունեցածի հանգամանքների համալիր վերլուծություն՝ հաշվի առնելով բոլոր գործոններն ու փաստերը։ Ե՛վ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացուն, և՛ թե մեզ բոլորիս, պետք է ճշմարտությունը։
Կարծում եմ, որ մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, ինչպես ասացին մեր երկրի նախագահներն ու արտգործնախարարները՝ միավորելու ջանքերը ճշմարտությունը պարզելու համար։ Մենք շատ կողմերից, լրատվամիջոցների, մեսենջերների, սոցիալական ցանցերի միջոցով կործանարար նպատակներով ազդելու բազմաթիվ փորձեր ենք տեսնում։ Հնարավոր է՝ հետաքննությունն այլ ուղղությամբ շեղելու, գուցե, մարդկանց միջև տարաձայնություններ սերմանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան որպես հերթական օինակ է բերել վերջերս համացանցում հայտնված նյութը, որում, իբր, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր անունից նամակ է հղել ադրբեջանցի դիվանագետներին:
«Մենք արդեն հերքում ենք տարածել, ես կցանկանայի ևս մեկ անգամ գրավել ձեր ուշադրությունն այս կեղծ լուրի վրա, որն, ի դեպ, գրված է բավական լավ անգլերենով: Ո՞վ է կանգնած այս պատմությունների հետևում, ո՞ւմ է պետք այս ամենը։ Կարծում եմ նրանք են, ովքեր ցանկանում են հարված հասցնել ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններին, ովքեր այս տարիների ընթացքում քայլ առ քայլ ոչնչացնում են համաեվրոպական ավիացիոն լոգիստիկան, ովքեր խոչընդոտներ են ստեղծում մեր երկրի, մեր տարածաշրջանի օդային տարածքում ավիափոխադրումներ իրականացնելու ճանապարհին և այլն։ Իսկ «պղտոր ջրերում նման խաղացողները շատ են»,- եզրակացրել է Զախարովան։