Իսրայելի նախարարների կաբինետը չի կարող քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի հաստատման օգտին, քանի որ խմբավորումը վերջին պահին հրաժարվել է մի շարք պայմանավորվածությունից՝ ինչպես հայտնել է BBC-ն՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ շարժումը հավատարիմ է մնում Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խմբավորման ներկայացուցիչ Իզզատ ալ Ռիշկային։
«Մոսադի» տնօրեն Դավիդ Բարնեայի գլխավորած իսրայելական պատվիրակությունը դեռ Դոհայում է և շարունակում է համաձայնեցնել գործարքի մանրամասները միջնորդների հետ՝ հայտնում են Երուսաղեմի աղբյուրները: Առանց այդ պատվիրակության անդամների թույլտվության՝ նեղ զինվորական կաբինետն ու նախարարների կաբինետը քվեարկություն չեն անցկացնի:
Իսրայելի կառավարության մամուլի խոսնակ Դավիդ Մենսերի խոսքով՝ խմբավորումը վերջին վայրկյանին պահանջել է, որպեսզի ՑԱՀԱԼ-ը դուրս բերվի նաև Գազայի հատվածի համար կենսական նշանակություն ունեցող Ֆիլադելֆիայի միջանցքից։ Նրա խոսքով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն «խստորեն պահանջել է, որպեսզի ՀԱՄԱՍ-ը հրաժարվի նման պահանջից»: Խոսնակը նշել է, որ քանի դեռ միջնորդները չեն տեղեկացրել Իսրայելին, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է բոլոր կետերի հետ, նախարարների կաբինետը չի քվեարկի գործարքի հաստատման օգտին:
Գործարքի մասին հայտարարվել էր չորեքշաբթի երեկոյան։ Բանակցությունների գլխավոր միջնորդները՝ Կատարն ու ԱՄՆ-ն, դա ներկայացրեցին որպես կատարված փաստ։
Սակայն, ըստ BBC-ի, իսրայելական կողմը, չնայած Վաշինգտոնի ճնշումներին, ոչ մի ամպագոռգոռ հայտարարություն չարեց։ Վերլուծաբանները կարծում են, որ Իսրայելն այդ կերպ ազդարարել է, որ միջազգային միջնորդների ոգևորությունը վաղաժամ է։