Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումների արդյունքում նախանշվել են 2025 թվականի առաջնահերթությունները և ծրագրերը։
ՊԵԿ-ի գերխնդիրը հարկային եկամուտների պատշաճ հավաքագրումն է և այս ուղղությամբ ՊԵԿ-հանրություն- բիզնես գործընկերային և կառուցողական երկխոսության ամրապնդումն է:
«ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց, որին պետք է հասնել տնտեսության և հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորման ու հարկերի պատշաճ վճարման միջև ճիշտ բալանս գտնելու միջոցով»,- շեշտել է կոմիտեի ղեկավարը։
Այս տարվա առաջնահերթություններից են լինելու ՊԵԿ արդիականացված նոր ռազմավարության ձևավորումը։ Թվայնացման բարեփոխումները ևս Կոմիտեի հիմնական ուղենիշերից են:
Մաքսային ոլորտում, մասնավորապես, նախատեսվում է գործարկել ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման միասնական համակարգը, «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ներդնել ապրանքների և տրանսպորտային միջոցների ինքնաշխատ բացթողնման, ինչպես նաև «EXIM» տեղեկատվական համակարգերը։
Լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման շրջանակում նախատեսվում է Երևանի և Սյունիքի մաքսային կենտրոնների կառուցում, «Մեղրի» և «Բագրատաշեն» անցման կետերի ենթակառուցվածքների վերակառուցում, արտահանմամբ զբաղվող կառուցվածքային միավորի ստեղծում (24/7 գրաֆիկով):
Ընթացիկ տարում կներդրվի նաև մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային հարթակը, կշարունակվի հարկային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը: Հարկային ոլորտում նախատեսվում է լավարկել եկամուտների հայտարարագրման համակարգը, ՊԵԿ նախագահի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:
Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի համակարգը, պետտուրքի, դրոշմանիշային վճարի, ռեզիդենտության տեղեկանքի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացները: Վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործման շրջանակում կներդրվեն հետվճարի տրամադրման համակարգը (cash back), միջազգային հարկման նոր գործիքակազմը, խաղային ոլորտի կարգավորման նոր մեխանիզմները, ինչպես նաև երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության փոխանակման համակարգը:
Ստվերի չափումների և գնահատումների էական բարելավումը ևս լինելու է 2025-ի առաջնահերթություններից: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և զարգացնել հսկողական միջոցառումների բազա: Ստվերի և իրավախախտումների դեմ կոշտ պայքարը, իսկ կոռուպցիայի դեմ՝ անխնա պայքարը 2025-ի հիմնական առաջնահերթություններից են լինելու: Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու:
Մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։
Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ 2025 թվականին ՊԵԿ-ը պետք է բեկում մտցնի մարդկանց ընկալումներում, ամրապնդելով հասարակության կապը մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ (պետական բյուջեի), և հարկ վճարելու մշակույթը դարձնի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության բարձրացման մեջ արժեքավոր ներդրման մշակույթ։