Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել, և գրանցվել է հարկային եկամուտների 5.1 տոկոսանոց աճ, կամ դրանք աճել են շուրջ 117 մլրդ դրամով: Այդ մասին 2024-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նա նշեց, որ ՊԵԿ-ում գնահատվում է հարկային վարչարարության ճեղք ասվածը: «Դա փաստացի հավաքված հարկային եկամուտների և տրված օրենսդրության պայմաններում պոտենցիալ հնարավոր հարկային եկամուտների միջև տարբերությունն է: Մինչև 2023 թվականը, երբ նայում ենք ըստ տարիների՝ և՛ ֆինանսների նախարարության, և՛ ՊԵԿ գնահատումներով, տարեկան 0.3-0.4 տոկոսային կետ ՀՆԱ-ում այդ ճեղքը նվազել է. այսինքն՝ այդ չափով հարկային վարչարարության գործողությունները նպաստել են հարկերի հավաքմանը: Դա նշանակում է 30-40 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտներ յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ, որոնք, ըստ էության, ստվերից դուրս բերված հարկային եկամուտներ են: Բացի վարչարարական ջանքերից՝ այստեղ մեծ դեր են ունեցել վերջին տարիների բարձր տնտեսական աճի միջավայրը, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների դերի բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը»,- նշեց նա:
Անդրադառնալով մաքսային սահմանով տեղափոխվող բեռնատարների ուսումնասիրությանը՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Կարմիր ռիսկի մակարդակով դեպքերը, որոնք ենթադրում են համապատասխան տեղափոխվող բեռների մանրամասն զննում, 2024-ին նվազել են և հասել 5 տոկոսի, ինչը համապատասխանում է նաև համաշխարհային մաքսային կազմակերպության միջազգային չափանիշներին»: