Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազում ունենք, ունենք նաև բավականին մեծ հայտնաբերումներ, որոնք իրականացվել են թե՛ ոստիկանության, թե՛ իրավական համակարգի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Եթե նախկինում մեր ֆոկուսն ավելի շատ օգտագործողների վրա էր, որոնք փոքր խմբաքանակներ էին ձեռք բերում, այս պահի դրությամբ ավելի շատ կենտրոնացել ենք մեծ խմբաքանակների հայտնաբերման վրա հենց սահմանին կամ սահմանից անցնելիս արդեն շրջանառության մեջ հնարավորինս հայտնվելու պայմաններում: Նկատում ենք, որ ունենք տասնյակ կիլոգրամներով հայտաբերումներ, որոնք պոտենցիալ ունեին մասնատվելու և դառնալու հազարավոր դրվագներ, որոնք կարող էին ոստիկանական աշխատանք պահանջել»,- ասաց նա:
Այս համատեքստում նախարարը նշեց, որ թմրամիջոցների մաքսանենգության դրվագներն աճել են, որովհետև պետությունը կարողանում է հենց սահմանին կամ սահմանից մի քանի մետր այն կողմ հայտնաբերել թմրամիջոցը:
Ինչ վերաբերում է անչափահասների ներգրավմանն այս պրոցեսում, ըստ նախարարի՝ այդպիսի դեպքերը մոտ 10-ն են, որոնք հաշվառված են ոստիկանությունում: