2024 թվականին մեզ հաջողվել է էականորեն կրճատել ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ վթարներից զոհերի և վիրավորների թիվը: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ 2024-ին գրանցվել է 299-ով ավելի քիչ ՃՏՊ, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով:
Արփինե Սարգսյանը նաև տրանսպորտային միջոցների թվի վիճակագրություն հրապարակեց, որն էկանորեն կապված է 2024 թվականին ՃՏՊ-ների, զոհերի, վիրավորների թվի կրճատման հետ: Ըստ այդմ՝ 2024-ին ՀՀ-ում եղել է 964 հազար տրանսպորտային միջոց, իսկ 2015-ին՝ 560 հազար:
«Եթե 2024 թվականին շուրջ 964 հազար տրանսպորտային միջոցների պարագայում մենք ունեցել ենք զոհեր և վիրավորներ իքս քանակի, ապա սա 13-ով ավելի քիչ է, քան 2015 թվականին արձանագրված զոհերի թիվը, երբ մենք ունեցել ենք կրկնակիով ավելի պակաս տրասնպորտային միջոցներ: Այսինքն՝ 964 հազար տրանսպորտային միջոցների գոյության և շարունակության պայմաններում մենք կարողացել ենք ավելի քիչ թվով զոհեր ունենալ, քան ունեցել ենք շուրջ 560 հազար տրանսպորտային միջոցների պայմաններում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վիճակագրական այսպիսի փոփոխություններում իր նպաստն է բերել Պարեկային ծառայությունը: