Կարծում եմ, որ այս ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, և խնդիրը մի բնագավառի չի առնչվում, շատ համակարգային խնդիրներ են առկա: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ազատությունից զրկված անձանց խնդիրների վերաբերյալ հարցին:
«Ինքս արձանագրել եմ ինքնավնասումների, ինքնասպանությունների հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Խնդիրներ են առկա հացադուլի վարման և ընդհանրապես պայմանների առնչությամբ, ու դա է պատճառը, որ բացի մեր ընթացիկ այցերից, որոնք պարբերաբար ենք իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, ես ինքս տարին սկսել եմ քրեակատարողական հիմնարկներ շատ ավելի մեծ մասշտաբներ ունեցող անձնական այցերով: Պատճառն այն է, որ ուզում եմ ինքս դատապարտյալներից լսել խնդիրները, և փորձենք ամփոփումները պատշաճ իրականացնել:
Կարծում եմ՝ համակարգային խնդիրներ են առկա ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված, և կարծում եմ, որ պետք է ամբողջությամբ բարեփոխվի համակարգը: Շատ մեծ խնդիրներ են առկա ազատություններից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հարցերի հետ կապված: Այստեղ, միանշանակ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս պահի դրությամբ համակարգը շատ խնդրահարույց է»,- նշեց ՄԻՊ-ը:
Պատասխանելով հարցին, թե ովքեր են դրա մեղավորները, Մանասյանն ասաց. «Ես չեմ ցանկանա մարդկանց վերաբերյալ խոսել, որովհետև նրանք կարող են փոփոխվել, բայց կցանկանամ խոսել համակարգային խնդիրների մասին. նշանակում է՝ ինստիտուտը այս պահի դրությամբ պատշաճ չի աշխատում: Միանշանակ է, որ այդ ուղղությամբ քայլեր են պետք»: