Հանրության հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան, կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա: Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն, և այդպես շարունակ: Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացնելու ծրագրին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականից:
Փաշինյանը նաև հիշեցրեց՝ ընտանեկան և կենցաղային բռնությանն առնչվող օրենքներ ընդունելիս բազմաթիվ քննարկումներ, քննադատություններ կային:
«Մեզ թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք: Բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե՝ այո՛, ապա պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը: Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասաց նա՝ նշելով, որ կարգավորումներն այդ մասով շատ կարևոր են:
«Էլի եմ ասում, հարցադրում 1. արդյոք բռնությունը մեր երկրում ընտանեկան ավանդո՞ւյթ է: Իմ կարծիքով՝ ոչ, բայց եթե պարզվի՝ այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, և այստեղ որևէ բանավեճ, քննարկում, կասկած լինել չի կարող: Այստեղ պետք է գործել լիարժեք և վճռական՝ իհարկե, բոլոր մնացած հավասարակշռությունները չխախտելով և ունք սարքելու փոխարեն աչքը հանելու տրամաբանությունից երաշխավորված լինելով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդիվ Կառավարությունն ընդունեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը, որն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբակական և սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը: