Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները` սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ` սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ տնտեսվարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով:
Նիստը վարող պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրել է, որ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր` այն լրացուցիչ քննարկելու նպատակով:
Նախաձեռնությունը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: