Հունվարի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մասնագիտացված հանձնաժողովներում լսումներ կանցկացվեն պետքարտուղարության, տրանսպորտի, արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Սպիտակ տան նոր վարչակազմում վարչական-բյուջետային գրասենյակի պաշտոնների թեկնածությունների քննարկման վերաբերյալ:
Associated Press-ը հայտնել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը պետքարտուղարի պաշտոնում հաստատի սենատոր Մարկո Ռուբիոյին, նա արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելու է «Առաջին հերթին՝ Ամերիկան» սկզբունքով և հաշվի է առնելու առաջին հերթին ԱՄՆ-ի, այլ ոչ թե մյուս երկրների շահերը:
Սենատոր Ռուբիոն համոզված է. «Մեր հիմնական ազգային շահերը ամեն ինչից վեր դասելը մեկուսացում չէ, դա ողջախոհություն է»:
Ըստ AP-ի՝ սենատորների առջև իր ելույթում նա կխոսի նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային հարաբերությունների համակարգը փոխելու մտադրության մասին։
«Ամերիկյան ժողովուրդը ցանկանում է ուժեղ Ամերիկա: Այնպիսին, որ մտահոգվի համաշխարհային գործերով, ունենալով հստակ նպատակ՝ նպաստել խաղաղությանն արտերկրում և երաշխավորել անվտանգությունն ու բարգավաճումն այստեղ՝ տանը»,- ասել է օրենսդիրը։