Քննիչներն ավարտել են չորեքշաբթի ձերբակալված Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի առաջին հարցաքննությունը:
Yonhap-ի փոխանցմամբ՝ գրեթե 11 ժամ տևած հարցաքննությունից անմիջապես հետո նախագահին տեղափոխել են Սեուլի կալանավայր։ Յուն Սոկ Յոլը գիշերը կանցկացնի այնտեղ, հաջորդ օրը նրան նորից կհարցաքննեն:
Նախագահի փաստաբանը հայտնել է, որ նա ոչ մի հարցի չի պատասխանել։ Միևնույն ժամանակ, հունվարի 17-ի առավոտյան լրանում է Յուն Սոկ Յոլի կալանավորման ժամկետը: Դատարանը ձերբակալման հրաման էր տվել քննիչների խնդրանքով՝ նախագահի՝ բազմիցս հարցաքննությանը չներկայանալու կապակցությամբ: Մինչ այդ ժամկետը իրավապահները պետք է որոշեն՝ արդյոք դատարանից թույլտվություն խնդրել նախագահին կալանավորելու համար։
Չորեքշաբթի ավելի վաղ Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները ձերբակալել էին Յուն Սոկ Յոլին՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-4-ը երկրում ռազմական դրություն մտցնելու հետ կապված խռովության մեղադրանքով:
Նախագահն անօրինական է անվանել իր դեմ սկսված հետաքննությունը: Իր հերթին, երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը, Յունի ձերբակալությունը համարել է «ժողովրդավարության ու օրենքի գերակայության վերականգնման առաջին քայլը», հաղորդում է Yonhap գործակալությունը: