Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իբր համաձայնել է Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։
«Հակառակ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դեռ չի արձագանքել գործարքին»,- ասվում է հաղորդագրությունում։
Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը հավանություն է տվել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջարկվող տարբերակին։ Kan-ի տվյալով՝ կողմերը գործարքի մասին կարող են հայտարարել արդեն այսօր։ Միաժամանակ, մեկ այլ հրապարակման մեջ պետական հեռուստառադիոընկերությունը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրը, հայտնել է, որ համաձայնագրի մասին պետք է հայտարարվի հինգշաբթի։