ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները խոստովանել են, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, որը Թրամփը խոստացել էր կնքել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, անհնար է։ Նրանք Reuters-ին ասել են, որ ըստ նոր կանխատեսումների՝ ռազմական վեճը լուծելու համար ամիսներ կպահանջվեն:
Լրատվականը նկատել է, որ ընտրությունից առաջ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիր ձեռք կբերի իր պաշտոնավարման առաջին 24 ժամվա ընթացքում։ Հոկտեմբերի վերջին նա սկսել է նշել, որ կարող է «շատ արագ» ավարտել պատերազմը։ Նոյեմբերի 5-ի ընտրությունում հաղթելուց հետո Թրամփն ավելի է մեղմացրել իր հռետորաբանությունը: Այդ ժամանակից նա հաճախ պարզապես ասում է, որ «կարգավորելու» է հակամարտությունը՝ չնշելով, թե ինչ ժամկետում: