Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է ռուսական ալյումինի ներկրման արգելքը ներառել Մոսկվայի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ Նրանց խոսքով՝ ԵՀ-ն «ոչ պաշտոնական հանդիպումներ է անցկացրել ԵՄ երկրների հետ՝ քննարկելու առաջիկա պատժամիջոցների մանրամասները»։
Եվրահանձնաժողովը ծրագրում է Մոսկվայի դեմ պատժիչ միջոցների նոր փաթեթն ընդունել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցին, նշում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ 2024 թվականի վերջին ԵՄ 10 երկիր առաջարկել է լրացուցիչ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության, մասնավորապես՝ մետաղների առևտրի նկատմամբ։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Ռուսաստանի մետաղների ներմուծումն արգելել են 2024 թվականին: ԵՄ-ն, իր հերթին, արգելել է միայն ալյումինե մետաղալարերի, փայլաթիթեղի և որոշ խողովակների մատակարարումը:
Bloomberg-ն էլ հայտնում է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 16-րդ փաթեթը կարող է ներառել նաև ռուսական «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները՝ հաստատելով սահմանափակումներ ռուսական նավթ տեղափոխող տասնյակ նոր նավերի նկատմամբ: