44-օրյա պատերազմից, նաև իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների բավականին լուրջ ընթացք է սկսվել: Այն, ինչ այսօր ունենք, բարեփոխումների քայլ առաջ է ու ընթացքն է: Այսօր գնահատական հնչեցնելը, թե ինչ արդյունքներ կտան մեր բարեփոխումները, բավականին վաղ է, և ես չէ, որ պիտի տամ այդ գնահատականը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Կիսում եմ ՀՀ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն ոչ միայն սրբագործել, այլև պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որը ԶՈՒ-ն, առաջին հերթին՝ ժամկետային զինծառայողը, չեն կարող կրել իրենց ուսերին:
Ամենևին խոսքն այն մասին չէ, որ մենք սրանով վատաբանում ենք ԶՈՒ-ին, փորձում ենք ինչ-որ կերպ նրանց վաստակը նսեմացնել: Ամենևի՛ն: Խոսքն այն մասին է, որ մենք ԶՈՒ-ին վերաբերվում ենք հարգանքով, պատասխանատվությամբ և ուզում ենք, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված:
Մենք հասկանում ենք, որ անվտանգությունը միայն սահմանում կանգնած զինվորը չէ: Անվտանգությունը պետք է լինի տնտեսական, արտաքին քաղաքական, և սա պետք է բալանսավորել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հատկացրած բյուջեով, աշխատավարձի բարձրացումով, սոցիալական հատկացումներով է ապացուցվում վերաբերմունքը ԶՈՒ-ի նկատմամբ: