ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է հիմնանորոգել մարզահամալիրն ու ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների, միջազգային այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ չի բացառվում հետագայում տարբեր ձևաչափերում մասնավորի հետ համագործակցությունը:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում: