««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաև ներդրված Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության և հաստատված պլանի ներկայացումը, որն էլ ցանկացած ընկերության համար կդառնա բրենդ և կվկայի, որ ձեռնարկությունը համապատասխանում է ներդրված հիմնական սկզբունքներին և ապահովում է սննդամթերքի արտադրության գործընթացների անվտանգությունը, ինչը սպառողների շրջանում էլ ավելի կբարձրացնի վստահությունը տվյալ ընկերության հանդեպ:
Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ին հրավիրած նիստի ժամանակ ներկայացնելով ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունը:
Փոխնախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաև ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար և իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության և որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում: Վերը նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Օրենքում հաջորդ լրացմամբ կսահմանվի կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի և մթերքի ստացման դեպքում տեղեկատվություն նաև կենդանու բուծման երկրի մասին, ինչպես նաև իրավական որոշակիությունից ելնելով՝ նախագծում սահմանել համապատասխան լիազորող նորմ:
Փոխնախարարը նշել է, որ փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու կյանքն և առողջությունը, ինչպես նաև կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: