Քաթարի մայրաքաղաք Դոհայում ստորագրվել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակման մասին համաձայնագիրը․ վերջիններս կփոխանակվեն իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հետ։
Այդուհանդերձ, դեռ վաղ է խոսել այն մասին, որ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմը ավարտվել է․ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև գործարքը ներառում է երեք փուլ, որոնցից դեռ համաձայնեցված է միայն առաջինը։
Իսրայելը բանտերից ազատ է արձակելու մի քանի հարյուր պաղեստինցիների, հիմնականում՝ կանանց ու անչափահասների։ Դուբայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքացիական անձանցից յուրաքանչյուր պատանդառուի դիմաց ազատ կարձակվի 30, իսկ զինվորականներից յուրաքանչյուրի դիմաց՝ 50 ձերբակալված պաղեստինցի։ Ազատ արձակվող պաղեստինցիների շարքերում կլինեն ահաբեկչության համար դատապարտվածներ։ Առաջին փոխանակումը նախատեսվում է հունվարի 19-ին։
Գործարքի առաջին փուլի ընթացքում իսրայելցի զինվորականներն աստիճանաբար կլքեն Գազայի հատվածի խիտ բնակեցված շրջանները, այդ թվում՝ այսպես կոչված Նեցարիմ միջանցքը, որ Գազայի հատվածը բաժանում է հյուսիսային ու հարավային մասերի։
Գործարքի երկրորդ փուլը նույնպես կտևի վեց շաբաթ։ Այս փուլի պայմանները դեռ համաձայնեցված չեն, բանակցությունները կշարունակվեն առաջին փուլի ընթացքում։ Կողմերը պարտավորվածություն չեն ստանձնել հրադադարը պահպանել առաջին փուլի ավարտից հետո։ Ենթադրվում է, որ երկրորդ փուլում ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի բոլոր մնացած պատանդներին, այդ թվում՝ զինվորականներին։ Իսրայելը դրա դիմաց ազատ կարձակի ևս մի քանի հարյուր պաղեստինցու: Երկրորդ փուլը պետք է ավարտվի Գազայի հատվածից իսրայելցի զինվորականների ամբողջական դուրսբերմամբ։
Երրորդ փուլում՝ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց մոտ երեք ամիս անց, պետք է սկսվի Գազայի հատվածի վերականգնումը։ Ակնկալվում է, որ 3-5 տարվա ընթացքում այդ գործընթացը կհամակարգեն Եգիպտոսը, Քաթարը, ՄԱԿ-ը և այլ պետություններ ու միջազգային կազմակերպություններ։
Ըստ փորձագետների՝ այս համաձայնագրով Իսրայելն ընդունել է, որ ՀԱՄԱՍ-ը տեսանելի ապագայում կմնա Գազայի հատվածի փաստացի իշխանությունը և հենց նրա հետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել պատանդների ճակատագրի, տարածքային վերահսկողության և հումանիտար աջակցության մասին։