Զերծ եմ մնում ու հեռու եմ այն մտքից, որ մենք որևէ երկրի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, պիտի մրցավազքի մեջ մտնենք. դա լավ տեղ չտանող ու մեզ համար ոչ շահեկան ճանապարհ է: Չեմ պատրաստվում համեմատությունների մեջ մտնել: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ ՀՀ պաշտպանական բյուջեի ավելացմանն առնչվող հայտարարություններին:
«Այո՛, մեզ մոտ էլ կան մտահոգություններ՝ հաշվի առնելով, որ մեր հարևանների բյուջեն եռակի ավելի է: Բայց ուզում եմ նաև պաշտպանության ոլորտի փոփոխություններին, ԶՈՒ կերպափոխմանն անդրադառնալիս միայն Ադրբեջանի վրա ու որևէ երկրի վրա ակցենտ չդնենք: Այսինքն՝ մեր կերպափոխման հայեցակարգը, մեր բարեփոխումները որևէ երկրի մասին չեն, այլ ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին են:
Այսօր Եվրոպայում, աշխարհում բազմաթիվ են այն երկրները, որոնք հարևանների հետ որևէ խնդիր չունեն, որևէ ագրեսիվ հռետորաբանություն չկա հարևանների կողմից, բայց այդ մարդիկ ամենօրյա ռեժիմով զբաղված են իրենց ԶՈՒ բարեփոխմամբ, պաշտպանունակությունը բարձրացնելով, և, կարծում եմ՝ Հայաստանը չպիտի տարբերվի, և Հայաստանի մասին խոսելիս որևէ մեկը լեգիտիմ հիմք չպիտի ունենա՝ մեզ ագրեսոր որակելու, որովհետև մեր խնդիրն է ունենալ պաշտպանունակ բանակ, որը կերաշխավորի կամ կդառնա երաշխավորներից մեկը մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու հարցում»,- ասաց նա: