Մեր փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով նախորդ տարվա ամառային զորակոչի համեմատ: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Նույնն ակնկալում եմ ձմեռային զորակոչից, որովհետև ձմեռային զորակոչի ժամանակ նույնպես որոշակի «խողովակներ փակեցինք», բայց պիտի խոստովանեմ, որ որքան էլ հետևողական ենք, փորձում ենք ուշադրություն դարձնել, թե որ հիվանդություններն են ավելանում, որոնք են պակասում (որը չեմ համարում օբյեկտիվ, այլ համարում եմ, որ ունեն սուբյեկտիվ շերտեր՝ իրենց բոլոր խնդիրներով և շերտերով), այս հանգամանքից ելնելով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որին մասնակցում են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ:
Մենք հիմա փորձում ենք վերանայել զորակոչի ձևը և բովանդակությունը: Հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը. սա հնարավորություն կընձեռի, որպեսզի ժամանակակից պահանջների զորատեսակներին համապատասխան կարողանանք ներգրավել նաև այնպիսի զինակոչիկների, որոնք առաջին հայացքից այսօրվա կառուցակարգերով պիտի ազատվեին բանակից, բայց ինձնից ու ձեզնից ֆիզիկապես չեն տարբերվում թե՛ աշխատանքային գործունեությամբ, թե՛ զբաղվածությամբ, թե՛ ֆիզիկական զբաղվածությամբ, և սա էապես կփոխի ընդհանուր պատկերը, և կբերի նրան, որ ունենանք ավելի օբյեկտիվ զորակոչ»,- ասաց նախարարը: