«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ ֆինանսների նախարարությունը՝ խաղային գործի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ ՀՀ օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումն ու կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Նախաձեռնությամբ առաջարկվում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական բնագավառներին:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության լիազորություններն առաջնահերթ պետք է դիտարկել հանրային ակտիվների կառավարման տեսանկյունից, որի պարագայում այդ լիազորություններն առավել ներդաշնակ են ֆինանսների նախարարության լիազորությունների հետ՝ որպես հանրային սեփականության կառավարման ոլորտի իրավասու մարմին: «Մյուս կողմից՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերն ավելի մոտ են գնումների ոլորտին, ավելին, ժամանակին այդ ընթացակարգերը կարգավորված են եղել «Գնումների մասին» օրենքով»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է նախարարը:
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն: