Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթի գլխավորած պատվիրակությանը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունելով Ջարի Բարնեթին՝ շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Արսեն Այվազյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը:
ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ անդրազգային բնույթի հանցագործությունների ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակման համար:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը: