ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորպես՝ պարզվել է, որ Ու. Ջ.-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես՝ նախքան արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն փաստացի կարանտինացվել է 345 գլուխ: Ընդ որում՝ կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների տեղափոխման անասնաբուժական Ձև 1 վկայականն առկա չի եղել։
ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս.-ն և Վ. Գ.-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ.-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ.-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի և առկա է Ձև 1 վկայականը: Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետև դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, և դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։
Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք և անասնաբուժական Ձև 1 վկայական ստանալու համար Ու. Ջ.-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ.-ին, ով կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ.-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը: Ու. Ջ.-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ.-ն դիմել է իր որդուն՝ անասնաբույժ Գ. Դ.-ին, Ձև 1 վկայական տրամադրելու համար: Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ.-ն փոխանցել է Ու. Ջ.-ին և նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ:
Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար Ու. Ջ.-ն դիմել է իր ծանոթ Լ. Ս.-ին, ով պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ Լ Ս.-ի ակտիվ միջամտությամբ, Ու. Ջ-ն կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը և նույն օրը պահանջված ապօրինի վարձատրության գումարը տվել է Լ. Ս.-ին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի՝ ՍԱՏՄ տեսուչներ Վ. Գ.-ին, Շ. Ս.-ին, անասնաբույժներ Ա. Դ.-ին, Գ. Դ.-ին, ինչպես նաև Ու. Ջ.-ին և Լ. Ս.-ին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: