Վաշինգտոնը Երևանի հետ համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ:
«Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը:
Նա տեղեկացրել է, որ հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ: Բլինքենի խոսքով՝ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:
Պետքարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի այս հանձնառությունը»,- ասել է Բլինքենը: