Հանրային քննարկման է ներկայացվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես, առաջարկվել է՝
-
4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրել նոր բնակավայրերով, որի արդյունքում ցանկում կներառվեն 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն,
-
հավաստագրով ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցնել 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ,
-
հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չկիրառել, իսկ աջակցությունը սահմանել մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն,
-
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին,
-
ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել համապատասխանաբար 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն,
-
և այլն։
Ձեր դիտարկումներն ու առաջարկներն e-draft հարթակում կարող եք ներկայացնել մինչ հունվարի 27-ը։