2024-ին ՍԱՏՄ-ի կողմից վերահսկողական մջոցառումներ են իրականացվել շուրջ 4000 տնտեսվարողների մոտ, որոնցից 1100-ի դեպքում խախտումներ են հայտնաբերվել: Տեսչական մարմինն ունի նաև ստուգումների տարեկան ծրագիր, որով 912 տնտեսվարողի մոտ ստուգումներ են իրականացվել, խախտումներ հայտնաբերվել են 565-ի մոտ: Իրականացվել են նաև դիտարկումներ և մշտադիտարկումներ: Դիտարկումները եղել են 637 տնտեսավորղների մոտ, խախտումները 60-ն են եղել: Շուրջ 2000 տնտեսվարողի մոտ էլ անասնահամաճարակային մշտադիտարկումներ են իրականացվել, որոնք ներառում են սպանդանոցային մսի նկատմամբ վերահսկողության միջոցառում, այս պարագայում 300 տնտեսվարողի մոտ են խախտումներ հայտնաբերվել: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը:
«Ոչ պլանային ստուգումներ ևս եղել են, որոնք դիմում-բողոքների կամ այլ պետական մարմինների կողմից ներկայացված գրությունների հիման վրա են լինում: Այս դեպքում իրականացրել ենք շուրջ 400 ստուգում, որից 200-ի, այսինքն՝ կեսի դեպքում, խախտումներ են հայտնաբերվել:
2024-ին մոտավորապես 182 մլն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են նշանակվել տեսչական մարմնի կողմից: Արդեն իսկ վճարվել է 121 միլիոնը, որը, ըստ էության, լավ ցուցանիշ է, այսինքն՝ 66 տոկոսը»,- ասաց նա:
Տեսչական մարմինը նաև 138 տնտեսվարողի մոտ գործունեության կասեցումներ է իրականացրել, որի արդյունքում 64 տնտեսվարողներ խախտումները վերացրել են, և իրավունք է վերապահվել վերջիններիս՝ շարունակելու գործունեությունը: