Այն, թե այլ երկրների հայտարարությունների հետ է կապված նոր Սահմանադրության մասին խոսելը, շատ անտեղի է: Ինչո՞ւ. որովհետև նոր Սահմանադրություն ունենալու հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո, և նույնիսկ 2019-2020 թվականներին ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, և այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքի: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն է տալու կամ չի տալու ժողովուրդը, որովհետև նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասաց նա՝ նշելով նաև գործող Սահմանադրության «վատ» կողմերը, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, այն է՝ պետք է լուծվեն ռազմական արտակարգ դրությանը, համամասնական ընտրակարգին, մարդու իրավունքներին վերաբերող և այլ հարցեր:
«Մեր խնդիրը պետք է լինի Սահմանադրության շատ սեղմ, բայց բովանդակային ճիշտ տեքստ ունենալը, որպեսզի ապագայում, որ օրենքների փոփոխության հարցեր են բարձրացվում, ամեն ինչում հղում չկատարվի Սահմանադրությանը և ասվի՝ ա՛յ, օրինակ, Սահմանադրությունն այսպես է ասում կամ այնպես է ասում:
Ընդ որում՝ ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, և այս հարցը համարում եմ փակված, որովհետև այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն:
Եվս մեկ անգամ շեշտադրում եմ, որ ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի կապ՝ նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների հետ, բացարձակ չկա և չի կարող լինել»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ աշխատանքային խումբ է աշխատելու Սահմանադրության նոր տեքստի վրա, բայց փակ, գաղտնի պահելու խնդիր չկա, երբ վերսկսի հանձնաժողովն իր աշխատանքը, պարբերաբար լուսաբանումներ կլինեն:
«Երբ վերջնական տեքստը լինի, ժողովուրդը կա՛մ հավանություն է տալու այդ տեքստին, կա՛մ հավանություն չի տալու…
Նորից եմ շեշտադրում՝ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված, և այդ մասին ասել է նաև ՍԴ-ն, ընդ որում՝ որոշումը և դիրքորոշումը հստակ է: Մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք այն պատճառով կամ նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ»,- ասաց նա և հավելեց, որ մոտ ապագայում նոր Սահմանադրության վրա աշխատող խմբի աշխատանքները վերսկսվելու են: