Ես, այո, ասել եմ, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց ասել եմ՝ մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում համակարգային կոռուպցիան, որովհետև հասարակության շրջանում կրկին տարընկալում կա այս երևույթի հետ կապված: Այդ մասին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարի կալանավորվելը չի՞ վկայում համակարգային կոռուպցիայի առկայության մասին:
«Համակարգային կոռուպցիան, եթե փորձեմ տեսական կերպով մեկնաբանել, բրգաձև երևույթ է, երբ բուրգի ստորին հատվածում գտնվող աշխատակիցներից գործում է հստակ կազմակերպված կանոնակարգված շղթա. օրինակը չեմ ուզի որևէ համակարգի վրա բերել այս պահին: Ստորին օղակում աշխատանքների համար ստորին օղակի աշխատակիցները վերցնում են կաշառք, և այդ կաշառքը համակարգային կերպով հասնում է մինչև բուրգի գագաթը, որտեղ կարող է կանգնած լինել, օրինակ, նախարար և այլն: Ձեր կողմից բերված օրինակները ոչ միայն չեն խոսում համակարգային կոռուպցիայի մասին, այլև նկարագրում են լրիվ հակառակ երևույթ. դրանք դրվագային երևույթներ են, որոնց մեջ ներգրավված են եղել այս կամ այն մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և, բարեբախտաբար, մենք հիմա ունենք այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան այլ անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի, և հակառակը՝ երաշխավորված է, որ կսկսվի, և այդ մասին խոսում են այն օրինակները, որոնք մենք այսօր ունենք:
Դրվագային կոռուպցիա կա, կոռուպցիան՝ որպես երևույթ, եղել է մշտապես հասարակության ծագման և զարգացմանը համընթաց, և ես կարծում եմ, որ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ կա բոլոր երկրներում, ուղղակի դրա ծավալներն են տարբեր՝ կախված երկրներից և դրանց զարգացվածության աստիճանից: Եվ ես կարծում եմ, որ դա մի արատավոր երևույթ է, որը շարունակելու է լինել, բայց պետության խնդիրը դա նվազագույն մակարդակի բերելն է, և դա է պատճառը, որ մենք շարունակաբար փորձում ենք զարգացնել ներգործության միջոցներն ու գործիքները»,- նշեց արդարադատության նախարարը: