Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների հետ կապված պետք է նշեմ, որ կրկին մի շարք քայլեր ձեռնարկվել են, շատ քայլեր էլ շարունակաբար ձեռնարկվելու են եկող տարվա ընթացքում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մենք յուրաքանչյուր ոլորտի համար ունենք մշակված ռազմավարություն: Այս ոլորտի ռազմավարությունը մշակվել է նախարարի հրամանով, ինչը առավել մեծ հնարավորություն է տալիս ճկուն գտնվելու և, ցանկության դեպքում, նոր ծրագրերն ավելի հեշտությամբ ավելացնելու ռազմավարության շրջանակներում, և մենք հենց այդ ճանապարհով ենք գնալու»,- ասաց նախարարը:
Սրբուհի Գալյանը նշեց, որ նյութատեխնիկական շենքային պայմանների որոշակի բարելավումներ տեղի են ունեցել. մասնավորապես, Աբովյան ՔԿՀ-ում «Մոր և մանկան» բաժանմունք է բացվել, որոշ ՔԿՀ-ներում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել:
«Սննդի մատակարարման հետ կապված հարցը լուծված է, ընդ որում՝ վերջին արձագանքների համատեքստը բավականին լավ է, գոհ են սննդի որակից և քանակից, և այս առումով իրավական տեսանկյունից բովանդակային աշխատանքն արվել է այն համատեքստում, որ այդ որակի ճշգրտման հետ կապված ընթացակարգեր են սահմանվել, որպեսզի կարողանան հսկել, թե ինչպիսին է սնունդը և դրա որակը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ արտաքին աշխարհի հետ կապի ապահովման տեսանկյունից կրկին քայլեր են ձեռնարկվել նոր հակավանդալային հեռախոսների և հեռախոսակապի ներդրման ճանապարհով, և իջեցվել են սակագները: «Այս առումով, ըստ էության, նաև արտաքին աշխարհի հետ կապը ապահովվել է»,- նշեց Սրբուհի Գալյանը:
Մի շարք գործընթացներ՝ կապված ՔԿՀ-ներում հանցավոր ենթամշակույթի հաղթահարման հետ, կրկին տեղի են ունեցել: «Հաշվի առնելով, որ շատ դեպքերում դրանք օպերատիվ բնույթ են կրում, այս պահին դրանց մասին խոսել չեմ ցանկանա, միայն կնշեմ, որ նախորդ տարվա ընթացքում քրեական ենթամշակույթի հետ կապված արարքների կատարման մասով հարուցվել է 3 քրեական գործ՝ քրեական հետապնդում է հարուցվել 3 դեպքի առթիվ»,- ասաց արդարադատության նախարարը: