Մոր և մանկան առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է մեծ առաջընթաց, թե՛ մայրական, թե՛ մանկական մահացության դեպքերը նվազել են: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կամփոփվեն այդ մասով ձեռքբերումները:
«Երբ այդ թվերը ներկայացվեն, ինքներդ էլ կտեսնեք մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ բարելավումները, ինչն ամենակարևոր ձեռքբերումն է»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ կա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի ընդլայնում, ինչի արդյունքում նախորդ տարի ծնունդների մեծ թիվ է գրանցվել:
«Նաև երկրորդային անպտղությանն ենք արդեն անդրադառնում, ինչը, կարող եմ ասել, որ զարգացած երկրների համար նույնպես համարվում է բավական շռայլ ծրագիր:
Մենք հասկանում ենք, որ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրներին արձագանքելու և ռազմավարության շրջանակներում արդյունքի հասնելու համար այս ծրագիրը չափազանց կարևոր է»,- ասաց Ավանեսյանը: