Հունվարի 13-ի դրությամբ, վերջին 14 օրվա ընթացքում քովիդի արձանագրված դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Սուր շնչառական վարակների առումով, սակայն, կա աճ: Հոսպիտալացվել է 721 բուժառու, որոնց ավելի քան 90 տոկոսը երեխաներն են: Պատկերը ներկայացրել է առողջապահության նախարարը՝ 2024-ի ամփոփիչ ասուլիսում:
Ինչ վերաբերում է Չիաստանում ակտիվացած մետավիրուսին, որի մասին տեղեկությունները վերջին օրերին ակտիվացել են, Անահիտ Ավանեսյանը նշել է՝ Հայաստանում այդ վիրուսի 10 դեպք հայտնաբերվել է 2023 թվականին, 2024 թվականի հունվար-ապրիլին՝ 50 դեպք: Դրանից հետո Հայաստանում մետավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել:
«Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվությունը՝ ռիսկը ավելանալու [վտանգ] կա, և պետք է ուշադիր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»,- ասաց նախարարը: