Կանադայի իշխանությունները չեն բացառում ցանկացած պատասխան քայլ, եթե Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա, ինչը խոստացել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, CTV-ին ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ Այս մասին գրում է The Globe and Mail-ը։
«Ցանկացած տարբերակ օրակարգում է»,- պատասխանել է նախարարը այն հարցին, թե արդյոք Կանադան պատրա՞ստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱՄՆ։
Չորեքշաբթի Ժոլին պետք է բանակցություններ վարի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Կանադայի նահանգների կառավարությունների ղեկավարների հետ՝ ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի դեպքում Կանադայի քաղաքականության վերաբերյալ: Արտգործնախարարն այնուհետ կմեկնի Վաշինգտոն՝ բանակցելու Թրամփի թիմի անդամների և կոնգրեսականների հետ: Պարբերականը նշում է, որ Թրյուդոյի մոտալուտ հրաժարականի հետ կապված՝ նահանգների վարչապետներն այժմ ավելի նշանակալի դեր են խաղում Կանադայի պատասխան միջոցների մշակման գործում։