Սկանդինավյան և Բալթյան երկրները կոչ են արել G7-ի համակարգման շրջանակում իջեցնել ռուսական նավթի գները, ինչը, նրանց համոզմամբ, կկրճատի Մոսկվայի եկամուտները՝ նվազեցնելով Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը: Այս մասին գրել են շվեդական առցանց պարբերականները՝ նշելով, որ համապատասխան առաջարկով նամակ է ուղարկվել Եվրահանձնաժողով։
Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդն ասել է. «Որքան ցածր լինի ռուսական նավթի գինը, այնքան ավելի արագ խաղաղություն կհաստատվի»:
Նախարարը հաշվարկել է, որ մեկ բարելի դիմաց 10 դոլարով գնի իջեցումը Ռուսաստանի համար կնշանակի տարեկան 200 մլրդ դոլարի վնաս, ինչը համապատասխանում է ռուսական ռազմական բյուջեի 15%-ին։ 2022 թվականի հոկտեմբերին ԵՄ-ն և G7 երկրները պայմանավորվեցին, որ ռուսական նավթը չպետք է վաճառվի մեկ բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլարից ավելի գնով։
Reuters գործակալությունը հիշեցնում է, որ 2022 թվականի վերջին արևմտյան երկրների կողմից գնային վերին շեմի սահմանումից հետո Ռուսաստանն իր նավթը վաճառում է Չինաստանին ու Հնդկաստանին։ Այդ շուկաներում այն վաճառվում է համաշխարհային գների համեմատ մեծ զեղչերով, սակայն այն դարձյալ ավելի շահավետ է, քան Արևմուտքի սահմանած թույլատրելի գինը։