Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիր կնքելու հարցում, գրում է The Times of Israel-ը։
Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատում է ինչպես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմերի հետ։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, սակայն, երկուշաբթի մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև կրակի դադարեցման հնարավոր համաձայնագիրը և կոչ է արել այն չկնքել, գրում է The Times of Israel-ը։
AP-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի և արաբական երկրների միջնորդները կարողացել են զգալի առաջընթաց գրանցել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Դեռևս հաղթահարելու մի շարք խոչընդոտներ կան, ասել են AP-ի աղբյուրները: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ անհրաժեշտ է մանրամասնել Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և ՀԱՄԱՍ-ի պատանդներին իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու գործընթացը։
AP-ն նշել է, որ բանակցող կողմերը ձգտում են համաձայնագիրը կնքել մինչ Թրամփի երդմնակալությունը, որը նախատեսված է հունվարի 20-ին։