Կոպենհագենն ընդունում է, որ Միացյալ Նահանգները Արկտիկան կարևոր է համարում իր անվտանգության համար, որ ամերիկացիներն անհանգստության կոնկրետ պատճառներ ունեն, հետևաբար պատրաստ է Գրենլանդիայի հետ սերտ համագործակցությամբ երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ այդ թեմայով, ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Ռասմուսենը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Կղզու իշխանություններն իրենց հերթին նշել են, որ ապագայում ձգտում են անկախանալ Կոպենհագենից, բայց ոչ նրա համար, որ մտնեն ԱՄՆ-ի կազմի մեջ։
Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը ենթադրել է, որ եթե Գրենլանդիան անկախանա Դանիայից, ապա Վաշինգտոնի հետ խնդիրները լուծելու նոր հնարավորություններ կառաջանան։ Նրա խոսքով՝ դանիական բանակը Գրենլանդիայում «մի քանի հոգի ունի շների սահնակներով»։ «Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Ռուսաստանն իր 60 սառցահատով»:
Գրենլանդիայում արդեն կա ամերիկյան ռազմաբազա։ Կղզին համարվում է Արկտիկայի անվտանգության ապահովման կենտրոնական օղակ, տարածաշրջանի ջրերով ծովային ուղիների մեկնարկային կետ և տարածք, որտեղ գտնվում են հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ: Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ կղզին ունի գրաֆիտի, պղնձի, ցինկի, ոսկու, ադամանդի, երկաթի հանքաքարի, տիտանի, վանադիումի, ուրանի պաշարներ, իսկ երկրաբանական հետախուզական աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել։ Միաժամանակ սառցադաշտերը հալչում են, և բացվում են բեռնափոխադրումների նոր ուղիներ: