Խորվաթիայի ներկայիս նախագահ Զորան Միլանովիչը հաղթել է կիրակի կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ստանալով ձայների ավելի քան 74%-ը, նրա հիմնական մրցակից Դրագան Պրիմորացը ստացել է ընտրողնրի մոտ 25%-ի աջակցությունը, հայտնում է Euronews-ը։
Խորվաթիայում նախագահը ուղղակիորեն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նա երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և խորհրդարանի համաձայնությամբ նշանակում է վարչապետին։ Նախագահը զբաղվում է նաև արտաքին քաղաքական հարցերով։
Միլանովիչը քննադատում է Արևմուտքի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում և իր նախագահության ընթացքում հրաժարվել է Խորվաթիայի մասնակցությունից ուկրաինացի զինվորականների պատրաստմանը, համաձայնել է Կիևին ռազմական օգնություն տրամադրել՝ պայմանով, որ իր երկիրը դրա դիմաց այլ զինատեսակներ կստանա։ Միլանովիչը նաև թերահավատություն է հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։