«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին հրավիրած նիստի ժամանակ՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ ծրագրի նպատակներն են՝ մեծացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկ կարողությունները, ապահովել դրանց ինտեգրումն էլեկտրահաղորդման ցանցում և ընդլայնել էլեկտրահաղորդման ընկերության առևտրային կենսունակությունը: Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանի էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, դրա կարողությունները և մեծացնելու վերականգնվող էներգետիկայի ծավալները:
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ և Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները: Նա ընդգծել է, որ վերոնշյալ ենթակայանները կառուցվել են 1964 թվականին, 1978 և 1966 թվականներին, և այս տարիների ընթացքում շատ քիչ են եղել ներդրումներ, և դրանք վերակառուցման խնդիր ունեն:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել նաև ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին՝ կից օրենսդրական փաթեթով: