Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,7 տոկոս աճ` պայմանավորված հիմնական ծառայությունների՝ առևտրի և արդյունաբերության աճերով:
Անվանական աշխատավարձն աճել է 6,6 տոկոս` կազմելով 280 հազար 256 դրամ: Պետական հատվածի աշխատավարձերը շարունակել են մնալ ավելի ցածր, քան մասնավոր հատվածինը: Աշխատողների թիվն ինն ամիսների ընթացքում աճել է 5 տոկոսով` կազմելով 752.288 մարդ` պայմանավորված առևտրի, կրթության և շինարարության ոլորտներում աշխատողների թվի աճով:
Այս և այլ տվյալներ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:
Անդրադառնալով ծախսերին և եկամուտներին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի դանդաղում` պայմանավորված հարկման բազաների, մասնավորապես` հարկունակ սպառման ներքին սպառմանն ուղղված ներմուծման և կազմակերպությունների շահույթների աճի տեմպերի որոշակի դանդաղմամբ: «Այնուամենայնիվ, նկատում ենք, որ եկամուտների 6,8 տոկոս աճը համահունչ է այն տնտեսական զարգացումներին, որոնք արձանագրվել են այս ընթացքում և, բնականաբար, ավելի բարձր են, քան 2023 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: Զգալի աճ ունենք նաև ծախսերի հետ կապված»,- տեղեկացրել է նախարարը՝ հավելելով, որ այդ մասով գրանցվել են լավ ցուցանիշներ:
Ինչ վերաբերում է 2024 թվականի պետական բյուջեի չորրորդ եռամսյակին, ապա Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ տնտեսական աճը կլինի պլյուս-մինուս 5 տոկոսի միջակայքում: Ըստ նախարարի` սա պայմանավորված է հաշվետու տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղեցմամբ: