Լիցենզավորման համակարգը ներդնելուց հետո ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր, հիմնականում դրանք վերաբերում են դպրոցների շինարարությանը, օրինակ՝ խախտման հիմքով կասեցվել են 12 լիցենզիա և 38 ներդիր: Տուգանվել են մի շարք կազմակերպություններ, դրանք ներառվել են գնումների սև ցուցակում: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ նշելով, որ խոսքը տեխհսկողություն իրականացնող կամ նախագծող կազմակերպությունների մասին է:
«Իսկ շինարարները, որոնք թույլ են տվել խախտումներ, մեր կողմից արձանագրությունների հիման վրա քանդել են, ապամոնտաժել են թերություններով կառուցված շենք-շինությունները կամ հատվածները և իրենց միջոցներով վերականգնել»,- ասաց Եղիազար Վարդանյանը՝ նշելով, որ եղել են դեպքեր, որ մասնաշենքն ամբողջությամբ քանդվել է, իսկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում մասնաշենքի ամբողջ ծածկն է քանդվել, Բերդաշենում քանդվել է հանդիսությունների սրահի մի հատվածը, և շինարարներն իրենց միջոցներով դրանք վերակառուցել են:
«Մենք հետևողական ենք լինելու որակի պահպանման հարցում: Որակի առումով որևէ զիջում չի լինելու, և մենք համագործակցելու ենք տեսչական մարմինների հետ, արդեն իսկ ակտիվ համագործակցություն ունենք, այս տարի ավելի ենք խորացնելու այդ համագործակցությունը, որպեսզի կարողանանք պատշաճ որակով իրականացնենք որակի հսկողությունը, նաև հետևություններ անենք լիցենզավորման գործառույթներ իրականացնելու ժամանակ (նկատի ունեմ՝ կասեցումներ, դադարեցումներ, մերժումներ): Սա, կարծում եմ, մեր բոլոր գործընկերները, շինարարներն արդեն իսկ հասկացել են, որովհետև վերջին շրջանում ցայտուն, խոշոր սխալներ ու թերացումներ չենք տեսնում:
Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո բոլոր գործընկերները կհասկանան, որ որակի նկատմամբ որևէ զիջում չի լինելու»,- ասաց նա: