Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Կառավարության որոշմանը:
«Մենք կդառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի, և այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի: Դա նշանակում է՝ դու պետք է մրցունակ ապրանքներ արտադրես և արտահանես աշխարհի տարբեր տեղեր…
Հետևաբար պետք չէ փոխարինել (ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին է խոսքը- խմբ.), պետք է ծավալները այստեղ պահել՝ ԵԱՏՄ-ում, ավելացնել, մեծացնել, մյուսների հետ էլ ավելացնել ու մեծացնել… Այս առումով առևտրային թիվ 1 գործընկերը ԱՄԷ-ն է: Մեր առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ կա Չինաստան, ԵՄ և այսպես շարունակ»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ի հետ Հայաստանի ապրաքաշրջանառությունը 40 տոկոսից ավելի է դարձել, հում ոսկին հանած՝ ԱՄԷ-ի հետ ապրաքաշրջանառությունը 18 տոկոս է դարձել, մինչդեռ մի քանի տարի առաջ 4-5 տոկոս էր:
«Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ դիվերսիֆիկացիա չէ: Դիվերսիֆիկացիա է: Պետք է շարունակել. Իրանն էլ է թիրախային երկիր այդ առումով, Չինաստանը, ԵՄ-ն:
ԵՄ-ի մասով, այո՛, ունենք խնդիր: ԵՄ-ի մասով ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում մենք համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+ -ի արտոնություններից, այսինքն՝ մաքսատուրք չէինք տալիս կամ քիչ էինք տալիս: Հիմա համարվում ենք միջին եկամուտներով երկիր, համարյա 8500 դոլար է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և 8500 դոլարի պարագայում GSP+ արտոնությունից զրկվել ենք»,- ասաց նա:
Նախարարը նկատեց, որ այս պարագայում որոշ ոլորտներում, օրինակ՝ տեքստիլի, որոշակի դժվարություններ առաջացել են, սակայն փորձում են այդ ոլորտներին աջակցել, որպեսզի մրցունակություն ապահովվի, և պատմականորեն ԵՄ-ում ձևավորված շուկաները չկորցնեն: