Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի 76 երթուղիները փաստացի սպասարկել է 3205 շարժակազմ՝ նախատեսված 4541-ի փոխարեն, այսինքն՝ 1336-ով կամ 29.5 տոկոսով պակաս: Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պատկերը ներկայացնելով՝ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը բացատրեց՝ թերակատարման պատճառը վարորդների պակասն է: Հունվարի 1-ից պետք է շահագործման հանձնվեին նոյեմբերին ներկրված 171 նոր ավտոբուսները, բայց 225 վարորդի հաստիք դեռ թափուր է:
Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ վերջին մեկ շաբաթում 90 վարորդ է աշխատանքի ընդունվել, ու եթե այդ տեմպն ավելի վաղ ապահովվեր, խնդիրը լուծված կլիներ:
«Պարոն Կիրակոսյան, հիմա տեսեք խնդիրը ինչում է, մենք հիմա գնում ենք էական փոփոխությունների տոմսային համակարգում, և այս փոփոխությունները դժվար փոփոխություններ են, որովհետև ամբողջապես համակարգը փոխվում է, և մենք ինչ ենք ասում մարդկանց, ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք նոր ավտոբուսներ ենք բերում, էն հին «Հունդայի»-ները փոխում ենք, «ԳԱԶել»-ները 23 թվականից չկան, էս ամեն ինչը իրականացնում ենք նրա համար, որ որակ բարձրացնենք, ու մարդիկ առաջին բանը, ինչ հունվարին տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր:
Փոխարինված գծերում ժամերով սպասում են, մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի հատ էլ միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն էդ հնարավորություններն էլ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք: Հիմա, պարոն Կիրակոսյան, ձեր խնդիրն այն է, որ հունվարի վերջով (D կարգի վարորդների հսկայական բազա ունենք Հայաստանում` 50 հազար) մենք էս ցուցանիշը պիտի էականորեն բարելաված լինենք»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգի գործարկումը նախատեսված է փետրվարի 1-ին: