Շիրակի «չոր նավահանգիստ» ծրագիրը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցել, և արդյունքում կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է, և այդ պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա ընդգծեց՝ ոչ միայն քաղաքական ուղերձների մեջ, այլև գործի մեջ պատրաստվում են իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»:
««Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ նաև կոնկրետ ծրագիր է, և այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, և, գիտեք, որ Հյուսիս-հարավն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում այն ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ ակնկալվում է նաև ավելի խորքային տեխնիկատնտեսական հետազոտություն պատվիրել՝ կապված վերջինիս տնտեսական արդյունքների վերջնական հաշվարկի հետ:
«Այս պարագայում լրացուցիչ ներդրումները կլինեն մոտավորապես 50 մլն դոլար, և տարբեր ընկերությունների հետ այդ քննարկումներն ընթանում են:
Բնականաբար, սա մի գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,- ասաց նա: